Հաճախ տրվող հարցեր

Հիմնադրամը երաշխավորում է ՀՀ-ում գործող բանկերում (բացառությամբ իր՝ ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերի), ինչպես նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում՝ ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրված ավանդների հատուցումը:

Այո: Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։

Այո. Երաշխավորվում են ավանդատուի եւ՛ դրամային եւ՛ արտարժութային ավանդները:

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող Հիմնադրամը։

Դրամային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը 16 մլն դրամ է, իսկ արտարժութային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը՝ 7 մլն դրամ։

Ավանդատուից որեւէ գործողություն կամ փոխհատուցում չի պահանջվում: Եթե ավանդատուն բանկում ունի ավանդ, ապա այդ ավանդն արդեն երաշխավորված է:

Չի երաշխավորվում այն ավանդը, որը ա) պատկանում է տվյալ բանկի ղեկավարին և (կամ) նրա ընտանիքի անդամներին. բ) պատկանում է տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին և (կամ) նրա ընտանիքի անդամներին. գ) որի սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից. դ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել. ե) տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում և առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդն ստանալու կարգը, ներառյալ` ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հատուցման դեպքին հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում և առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են` ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի և դրա մասնաճյուղերի անվանումները և հասցեները. բ) ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի և Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջև տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

Երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով:

Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում առաջին հերթին հաշվարկվում եմ ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները և բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները: Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:

Ավանդները երաշխավորվում են Հիմնադրամի միջոցների հաշվին:

Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարտադիր երաշխիքային վճարների հաշվին, միջոցների կառավարումից ստացված եկամուտներից։ Հիմնադրամը կարող է ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ և նվիրաբերություններ։

Երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն ավճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի և հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով։ Բանկային ավանդի և հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

վերև