Հայտարարություն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) 2026թ․ կամ 2026-2028թթ․ գործունեության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրապարակային մրցույթի կազմակերպման մասին

Հրապարակային մրցույթին (այսուհետ՝ Մրցույթ) կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք համապատասխանում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգով» (այսուհետ՝ Կարգ) սահմանված պահանջներին։
Մրցութային հայտերը (այսուհետ՝ Հայտ) կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 8-ը, ժամը՝ 17:00-ն, հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, 0010, Խորենացի 15, «Էլիտ Պլազա» գործարարական համալիր, 2-A5 գրասենյակ։
Հայտերը ներկայացվում են թղթային եղանակով՝ առձեռն կամ փոստային ծառայության միջոցով՝ պատվիրված նամակով, հայերեն լեզվով։ 
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք կարող են դիմել Հիմնադրամին, հեռ.՝ (+37410) 58-35-14, էլ. փոստ՝ info@adgf.am։
                                                                                                                                                                                                                                                                                             Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ


Հիմնադրամի 2026թ․ կամ 2026-2028թթ․ գործունեության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրապարակային մրցույթի ծանուցում (այսուհետ՝ Հրապարակային ծանուցում)
1.   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրապարակային ծանուցմամբ կարգավորվում են Մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները։
1.2. Մրցույթի կազմակերպիչը Հիմնադրամն է։
2.  ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը Հիմնադրամ է ներկայացնում սույն հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան Հայտ։
2.2. Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ Հայտ։ Հայտի փոփոխման կամ հետ վերցնելու կարգը սահմանվում է Կարգով։
2.3. Հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են երկու փակ, սոսնձված և համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից ստորագրված ծրարներով։ 
2․4․   Լիազորված ներկայացուցչի միջոցով Հայտ ներկայացնելու դեպքում կցվում է ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ։
2.5. Հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
•    Հայտի ներկայացման վայրը, այն է՝ «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, հասցե՝ ք. Երևան 0010, Խորենացի 15, «Էլիտ Պլազա» գործարարական համալիր, գրասենյակ 2-A5»,
•    Մրցույթի անվանումը,
•    «Մրցույթի գնային առաջարկ» բառերը,
•    «Չբացել մինչև Մրցութային հայտերի բացման հանձնաժողովի հատուկ նիստ» բառերը,
•    Հայտ ներկայացրած մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները։ 
2․6․ Հայտի առաջին ծրարը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
•    Մրցույթի գնային առաջարկը (Աուդիտի իրականացման գինը): Գնային առաջարկը պետք է ներկայացվի ՀՀ դրամով՝ տառերով և թվերով արտահայտված (Հայտում տառերով և թվերով նշված գումարների անհամապատասխանության դեպքում հիմք է ընդունվում տառերով նշվածը): Գնային առաջարկը ներկայացվում է մեկ և (կամ) 3 տարվա համար:
•    Վճարման պայմանները (վճարումների կատարման կարգը)։
2.7. Հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները՝
•    Մրցույթի հայտի ներկայացման վայրը, այն է՝ «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, հասցե՝ ք. Երևան 0010, Խորենացի 15, «Էլիտ Պլազա» գործարարական համալիր, գրասենյակ 2-A5»,
•    Մրցույթի անվանումը,
•    «Մրցույթի տեխնիկական առաջարկ» բառերը,
•    «Չբացել մինչև Մրցութային հայտերի բացման հանձնաժողովի հատուկ նիստ» բառերը,
•    Մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները։
2․8․     Հայտի երկրորդ ծրարը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝
•    Ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
•    Աուդիտի ընդգրկման բնագավառի, աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետների վերաբերյալ տեղեկություններ,
•   Աուդիտորական գործունեության լիցենզիայի պատճենը,
•    Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում աուդիտորական գործունեության փորձի (ներառյալ տարիների փորձը) և ընդգրկման բնագավառների վերաբերյալ տեղեկություններ,
•    Աուդիտորական կազմակերպության միջազգային վարկանիշի կամ մասնագիտական կառույցներին անդամակցության վերաբերյալ տեղեկություններ (առկայության դեպքում), 
•    Աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների և աուդիտի ղեկավարի աշխատանքային փորձի (Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում) ու որակավորման վերաբերյալ տեղեկություններ,
•    Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը,
•    Պետական իրավասու մարմնի կողմից տրամադրված տեղեկանք՝ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ (միայն ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում),
•    Մասնակցի կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ մասնակիցը ՀՀ օրենսդրությանը համապատասխան չի հանդիսանում ՀՀ առևտրային բանկերի հետ փոխկապակցված անձ,
•   Մասնակցի կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ իր հետ փոխկապակցված անձինք և (կամ) իր կողմից հիմնադրված կամ իր մասնակցությամբ ավելի քան հիսուն տոկոս բաժնեմաս ունեցող կազմակերպությունները միաժամանակ չեն մասնակցում նույն մրցույթին։
2․9․ Մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) մինչև Մրցույթի հաղթողին որոշելու օրը անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել Մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
3. ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Հայտերի ներկայացման կարգը սահմանվում է սույն հրապարակային ծանուցմամբ, իսկ Հայտի ընդունումը հաստատվում է Հիմնադրամի կողմից տրամադրվող տեղեկանքով։ 
3․2․ Մասնակցի դիմումի հիման վրա Կարգի պատճենը տրամադրվում է 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայտի ընդունման մասին տեղեկանքի տրամադրումից հետո։ 
3․3․ Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում փոստային ծառայության միջոցով ուղարկված Հայտերի` սահմանված ժամկետից ուշ, բացված կամ վնասված ստացման համար։
4. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՕՐԸ, ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԸ
4․1․ Հայտերի բացումը կկատարվի Մրցութային հայտերի բացման հանձնաժողովի հատուկ նիստում՝ 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 12։00-ին, ՀՀ կենտրոնական բանկի շենքում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 6 շենք հասցեում։ 
4․2․ Մրցութային հայտերի ամփոփման նիստը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը՝ 16։30-ին, ՀՀ կենտրոնական բանկի շենքում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 6 շենք հասցեում։ 
4․3․ Մասնակիցների նիստերի մասնակցության և արձանագրություններին ծանոթանալու կարգը սահմանվում է Կարգով։
5. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ 
5.1. Հրապարակային ծանուցման փոփոխությունները և լրացումները կատարվում են Կարգով սահմանված եղանակով, որի դեպքում Հիմնադրամը չի կրում մասնակիցների կրած իրական վնասների հատուցման պարտավորությունը։
6. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6․1․ Մրցույթի մասնակիցը պետք է ունենա ֆինանսական համակարգում աուդիտորական ծառայությունների մատուցման առնվազն 5 տարվա փորձ։
6.2. Գնահատման ընթացքում առավելություն կտրվի այն մասնակցին, որի կողմից Հիմնադրամի աուդիտորական վերստուգման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսն ունեն մասնագիտացված կառույցի կողմից տրված և (կամ) միջազգային որակավորում (ԷյՍիՍիԷյ (ACCA), ՍԻՓԻԷՅ (CPA) և այլն) ։
6.3. Աուդիտի պատասխանատու ղեկավարը պետք է՝
•    լինի մասնագիտացված կառույցի անդամ, 
•    ունենա առնվազն 3 տարվա աուդիտորի աշխատանքային փորձ, 
•    ունենա Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից տրված աուդիտորի որակավորում և (կամ) միջազգային որակավորում (ԷյՍիՍիԷյ (ACCA), ՍԻՓԻԷՅ (CPA) և այլն) ։
6․4․ Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնց նկատմամբ կիրառվում են Կարգով սահմանված մասնակցության սահմանափակումները։
7․ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
7․1․ Հայտերի բացման և գնահատման կարգը սահմանվում է Կարգով։
7․2․  Մասնակցի հայտը կարող է մերժվել, եթե՝
•    այն չի համապատասխանում Հրապարակային ծանուցմամբ սահմանված պահանջներին (այդ թվում՝ ծրարներին, ներկայացվող փաստաթղթերին, պահանջվող տեղեկություններին, ժամկետներին և այլն),
•    Մասնակիցը չի համապատասխանում Հրապարակային ծանուցման 6-րդ կետով սահմանված պահանջներին։
7․3․ Մրցութային առաջարկները գնահատվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից իրականացվող մրցույթին ներկայացված մրցութային առաջարկների գնահատման մեթոդաբանության» (այսուհետ՝ Մեթոդաբանություն) համաձայն՝ որակական և գնային չափանիշների հիման վրա։ Հաղթող է ճանաչվում այն աուդիտորական կազմակերպությունը, որը Մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ համապատասխանում է Կարգով սահմանված չափանիշներին, առաջարկել է Մրցույթի լավագույն պայմանները և որի մրցութային առաջարկը ստացել է ամենաբարձր գնահատականը։
7.4. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և Մրցույթում հաղթողին ճանաչելու օրը Հիմնադրամը և Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը ստորագրում են Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:
7․5․   Հայտերի գնահատման ընթացքում Հանձնաժողովն իրավունք ունի մասնակիցներից պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, պարզաբանումներ կամ որակավորման հատկանիշների վերահաստատում։ Նշված պահանջը չկատարելու դեպքում Հանձնաժողովի որոշմամբ կարող է կազմվել Հայտի մերժման մասին արձանագրություն։ 
8. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
8․1․  Մասնակիցը Հայտերի ներկայացման վերջնաժամկետից առնվազն 5 (հինգ) օրացուցային օր առաջ իրավունք ունի Հիմնադրամից ստանալու Հրապարակային ծանուցման վերաբերյալ պարզաբանումներ՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով հարցում ներկայացնելու միջոցով։
8.2.  Հիմնադրամը հարցումը ստանալուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պարզաբանում, եթե այն ներկայացվել է սահմանված ժամկետում և վերաբերում է Հրապարակային ծանուցմանը։ 
9․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
9.1. Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է Կարգով սահմանված կարգով և ժամկետում։
10. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ
10.1. Մրցույթը չկայացած է համարվում Կարգով սահմանված դեպքերում։
10․2․ Հանձնաժողովը մինչև Մրցույթի հաղթողին որոշելու օրը (Հայտերի ամփոփման օրը) իրավունք ունի հրաժարվել Մրցույթն անցկացնելուց՝ կայացնելով պատճառաբանված որոշում։ Հիմնադրամը Մրցույթ անցկացնելուց հրաժարվելու դեպքում չի կրում Մրցույթի մասնակիցների կրած իրական վնասների հատուցման պարտավորությունը։