Ավանդների ապահովագրման եվրոպական ասոցիացիայի ներքո գործող հանրային իրազեկման հանձնաժողովի հերթական հանդիպումը Երևանում
Ս.թ. հոկտեմբերի 04-ին Երևանում տեղի ունեցավ Ավանդների ապահովագրման եվրոպական ասոցիացիայի (այսուհետ՝ Ասոցիացիա) ներքո գործող հանրային իրազեկման հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Հանդիպումները տեղի են ունենում տարեկան 2-3 անգամ, որին մասնակցում են Ասոցիացիայի անդամները: Այս հանդիպմանը հյուրընկալվել էին թվով 16 մասնակիցներ՝ ինչպես Ասոցիացիայի անդամ-երկրների ներկայացուցիչներ, այնպես էլ դեռևս անդամակցություն չունեցող երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք էին Վրաստանը և Բելառուսը: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և հանձնաժողովի նախագահ Իշտվան Թոթը: Այնուհետև ողջույնի խոսքով և զեկույցով հանդես եկավ Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Անդրաշ Ֆեկետե-Գյոռը՝ «Խորհրդատվական փորձի արդյունավետությունը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի օրինակի վրա» թեմայով:
Աշխատանքային քննարկումների ընթացքում ելույթ ունեցան նաև Ֆրանսիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխիայի, Ավստրիայի և ասոցիացիայի այլ անդամ երկրների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում կարևոր դեր էր հատկացված նաև Ֆինանսական կրթությանը, որի թեմայով ելույթ ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Աննա Սադոյանը: Հրավիրվածների մեջ էր նաև Հայկական PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Գրիգորյանը, ով հանդես եկավ Հայաստանում հանրային կապերի կարևորության և ժամանակակից PR գործիքների կիրառման վերաբերյալ զեկույցով:
Հոկտեմբերի 05-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ նաև PR հանձնաժողովի նախագահ Իշտվան Թոթի հանդիպումը ՀՀ Կենտրոնական բանկի որոշ վարչությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվեց Հունգարիայի ավանդների ապահովագրման վերջին տարիների փորձը: